«Մանկական Եվրատեսիլ 2012» մրցույթի հայաստանյան նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը պարզաբանել է լուրերն այն մասին, ըստ որոնց Հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի անդամներից մեկի տարիքը չի համապատասխանում մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներին:
Նրա պարզաբանման մեջ նշվում է.
«Ժնեւում Եվրոպական հեռարձակողների միության սպորտային ամենամյա համաժողով գործուղման ընթացքում տեղեկացա «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի Հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին, ըստ որի Compass band-ի անդամներից մեկի տարիքը չի համապատասխանում մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներին:
Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած Compass band-ի կազմը բաղկացած է 4 հոգուց. Դավիթ Պարոնիկյան /13 տարեկան/, Արշավիր Գրիգորյան /13 տարեկան/, Արամ Ծատուրյան /13 տարեկան/ եւ Աբրահամ Ազնաուրյան /13 տարեկան/: Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մանկական Եվրատեսիլի հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում Compass band-ի «Sweetie baby» երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ:
Մրցույթի եզրափակիչ փուլում Compass band-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի նախաձեռնությամբ խմբի ելույթի բեմականացման համար որպես շեյքերահար խմբի կազմի հետ ելույթ է ունեցել Միքայել Վարոսյանը, որի 10 տարին, ինչպես հետագայում պարզվել է, պետք է լրանա միայն 2013 թվականի հուլիսին:
Նկատի ունենալով, որ ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի Եվրատեսիլի ներպետական նախընտրական փուլերում հանդիպում են տարիքային եւ այլ անհամապատասխանություններ` խնդրի մասին տեղեկացրել ենք Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիտցե Բեքերին: Վերջինս նշել է, որ Հայաստանյանի եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի հիմնական կազմն իր Sweetie baby երգով համապատասխանում է մրցույթի կանոններին եւ կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթին, իսկ Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում»:





























