ԲՀԿ-ական պատգամավոր եւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պետք է հանդես գա իր սեփական թեկնածուով եւ դա պետք է լինի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին նա ասել է Civilnet.am-ին տված հարցազրույցում:

«ԲՀԿ-ի՝ սեփական թեկնածուով մասնակցելու վերաբերյալ կարող եմ ասել հետեւյալը: Նախ, կուսակցությունն այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական որոշում չի ընդունել: Այնպես որ, այն, ինչ ասելու եմ՝ իմ անձնական կարծիքն է: Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ եւ մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, եւ ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա միանշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,-հայտարարել է Օսկանյանն ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե իր քաղաքականություն վերադառնալուց հետո մշտապես խոսվում է նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին: