ԱՄՆ դոլարի փոխարժեքը, ինչպես նաեւ եվրոյի, եւ ռուսական ռուբլու, Հայաստանի շատ քաղաքացիների համար վերացական բնույթ չի կրում: Երկրի բնակչության գրեթե 40%-ը դրսում գտնվող հարազատներից եւ բարեկամներից դրամական օգնություն կամ, ինչպես ընդունված է ասել, ոչ կոմերցիոն բնույթի տրանսֆերտներ է ստանում:
Տրանսֆերտների գերակշռող մասը` մոտ 80%, ֆիզիկական անձանց հասնում է Հայաստանի առեւտրային բանկերի միջոցով:
Ընթացիկ տարվա հունվար- օգոստոսին առեւտրային բանկերի համակարգով ֆիզիկական անձանց հասցված տրանսֆերտների ծավալը կազմել է 1 մլրդ դոլարից ավելի կամ 78 մլն դոլարով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Անցած տարի սեպտեմբեր-դեկտեմբերին բաժին էր ընկել բանկային ճանպարհով փոխանցվող տրանսֆերտների տարեկան ծավալի 64%-ը: Եթե այդ հարաբերակցությունը պահպանվի, ապա այս տարվա սեպտեմբեր- դեկտեմբերին տրանսֆերտների գումարը կարող է հասնել 650 մլն դոլարի: Հաշվի առնելով բանկերը «շրջանցող» տրանսֆերտները` ավելի քան 800 մլն դոլար:
Հասկանալի է, որ ստացված արտարժույթը ձգտում են փոխանակել դրամի բարձր փոխարժեքի պայմաններում: Սակայն այդ փոխարժեքը փոքր-ինչ անկանխատեսելի է...Այդուհանդերձ, դոլարի փոխարժեքում անգամ 1 դրամի կայուն փոփոխությունը վերոնշյալ տրանսֆերտների գումարի համար կնշանակի ընդհանուր առմամբ 800 մլն դրամի կորուստ:
Որպես կանոն, դեկտեմբերին տրանսֆերտների հոսքն ավելանում է, ինչպես նաեւ ավելանում են տնային տնետսությունների ծախսերը: Այդ օրերին շատ տնային տնտեսություններ ստացված դոլարն ավելի ակտիվորեն են փոխանակում դրամով, քան նախորդող շրջանում: Եւ նկատելի տանուլ են տալիս, եթե դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ զգալի նվազում է ...
Եթե դիտարկենք Հայաստանում դոլարի փոխարժեքի պաշտոնական դինամիկան, ապա այս տարի մինչեւ հուլիս դրա աճի ակնհայտ միտում է նկատվել: Հուլիսից դոլարն սկսել է «թուլանալ»...

Անցած տարի հուլիս-օգոստոսին եւս դոլարը «թուլացել» է, սակայն հետո սկսել է ամրապնդվել եւ դեկտեմբերին հասել է 383,22 դրամի` օրացուցային տարվա մեջ ամենաբարձր նիշին: Սակայն ինչպես դոլարն իրեն կպահի ընթացիկ տարվա դեկտեմբերին, կարելի է միայն կռահել, քանի որ անքննելի են Կենտրոնական բանկի ճանպարհները:
Ավելացնենք, որ եթե դեկտեմբերին դոլարի փոխարժեքը հանկարծ կտրուկ բարձրանա, ապա դա կհանգեցնի միանգամայն կանխատեսելի հետեւանքների: Նախատոնական օրերին դրամով փողի զանգվածի աճը նպաստում է շուկաներում գյուղատնտեսական ապրանքների գների աճին, որտեղ առեւտրականների մանիպուլյացիաները դուրս են Տնտեսական մրցակացության պետհանձնաժողովի իրավասության շրջանակից:




























