ԿԺԴՀ-ն ունի հրթիռներ, որոնք կարող են հասնել մինչեւ ԱՄՆ: Այդ մասին հայտնել է ԿԺԴՀ-ի Ազգային պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցչը, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Ըստ պաշտոնյայի` ԿԺԴՀ-ն պատրաստ է համարժեք պատասխան տալ ցանկացած հարձակման`հրթիռով, միջուկային զենքով: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ կորեական հրթիռներն այժմ կարող են հարվածել Ճապոնիային եւ Գուամին, հաղորդում է rbc-ն:
Ներկայումս հայտնի է, որ ԿԺԴՀ-ի զինանոցում կան Ռ-11, «Ռոդոն-2», «Տեպհոդոն-2» եւ «Մուսուդան» հրթիռներ: Ըստ փորձագետների` նրանցից ոչ մեկն էլ ի վիճակի չէ հաղթահարել մինչեւ ԱՄՆ ընկած տարածությունը: Վերջին փորձարկումներից մեկն անհաջող է անցել, իսկ Փհենյանում ցուցադրված օրինակներն, ամենայն հավանականությամբ, կեղծ են:
Հարավային Կորեայի դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր Յուն Դուկ Մինը կարծում է, որ հյուսիսկորեացիները ստում են, եւ ոչ մի ապացույց չկա, որ նրանք ստեղծել են հեռահար հրթիռ: ԿԺԴՀ-ի հայտարարությունը նա բացատրում է զինվորականների մարտական ոգին բարձրացնելու իշխանությունների ցանկությամբ:





























