Վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչներին, տեղեկացնում են, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ խորհրդարանական ընտրություններում հաղթած դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի միջեւ հանդիպումը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 9-ին: Նախօրեին «Վրացական երազանք» եւ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության աշխատանքային խմբերի հերթական հանդիպումից հետո հայտարարվեց, որ նման հանդիպման համար ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն, սակայն ամսաթիվ չէր հաղորդվում:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», դաշինքում կրկին չեն տեղեկացնում հանդիպման կոնկրետ տեղի եւ ժամանակի մասին, սակայն հաստատում են, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 9-ին:
Միխայիլ Սահակաշվիլիի եւ Բիձինա Իվանիշվիլիի միջեւ հանդիպումը կլինի առաջինը ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո: Հանդիպումը տեղի կունենա փակ դռների հետեւում: Կողմերը կքննարկեն իշխանության փոխանցումը եւ նախարարների նոր գրասենյակի ձեւավորումը:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին օրերս հայտարարել է նոր կառավարության կազմը, որում նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:





























