«Յունիբանկ» ՓԲԸ-ն մասնակցեց ինովացիոն տեխնոլոգիաների DigiTec Expo 2012 ցուցահանդեսին, որը կայացավ հոկտեմբերի 5-7-ը Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Մերգելյան Ինստիտուտ): Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ցուցահանդեսում բանկը ներկայացրեց U-Bank ծառայությունը, որը ՀՀ բանկային համակարգում ներդրվում է առաջին անգամ: Ծառայությունը հնարավորություն կտա հաճախորդներին, իրենց սմարթֆոնների միջոցով, արագ եւ ապահով, կառավարել բանկային հաշիվները, կատարել կոմունալ վճարումներ եւ այլ գործարքներ: Դրամական վճարումներն իրականացվում են հաճախորդի բանկային հաշվի միջոցներից:
U-Bank-ն իրենից ներկայացնում է անվճար ծրագիր, որը շուտով կարելի է ներբեռնել Google Play եւ App Store` Android եւ iOS հարթակների հիման վրա աշխատող սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով: Ցուցահանդեսում բոլոր ցանկացողները մանրամասնորեն ծանոթացան ծրագրի հետ եւ կատարեցին որեւէ գործարք: Այդ նպատակով «Յունիբանկի» տաղավարում տեղադրված էին սմարթֆոններին միացված մի քանի մեծ մոնիտորներ:
Հաշվի առնելով ցուցահանդեսի ուղղվածությունը, բանկի տաղավարը նույնպես իննովացիոն ձեւավորում ուներ: Մասնավորապես, U-Bank ծառայությունը ներկայացնում էր նեւև վիրտուալ պրոմոութերը:
Ցուցահանդեսի այցելուների մոտ հետաքրքրություն առաջացրեց նաև սմարթֆոնների համար մշակված նոր ծրագիրը, որը ներառում է Յունիբանկի մասնաճյուղերի եւ բանկոմատների, ինչպես նաեւ «Մագնիս» արտոնությունների ծրագրի գործընկերների հասցեները եւ նրանց կողմից բանկի քարտապաններին տրամադրվող զեղչերը: Բանկը ներկայացրեց նաեւ իր նոր վճարային տերմինալները, որոնց միջոցով կարելի է իրականացնել UNISTREAM դրամական փոխանցումներ, վարկերի մարումներ, կոմունալ վճարումներ եւ այլն: Մոտ ապագայում «Յունիբանկը» կտեղադրի մոտ 60 նման տերմինալ:
«U-Bank ծառայության շնորհիվ հաճախորդները կարող են իրականացնել մի շարք բանկային ծառայություններ` օգտագործելով միայն իրենց հեռախոսը» – նշել է «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:





























