Ռուսաստանյան Laser ITC ընկերությունը (Եկատերինբուրգ) մշակել է հեռահաղորդակցության անլար կապի նոր տեխնոլոգիա, որը ցուցադրվել է նաեւ հոկտեմբերի 5-7-ը Երեւանում կազմակերպված «ԴիջիԹեք 2012» տեխնոլոգիական ցուցահանդեսում:
Ընկերության վաճառքների եւ մարքետինգի դեպարտամենտի ղեկավար Վասիլի Գոլոմիդովը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ ինովացիոն տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մթնոլորտային օպտիկական կապ, որը թույլ է տալիս կազմակերպել գերարագ կապ՝ անտեսանելի լազերային ճառագայթի հիման վրա՝ կարճ եւ միջին տարածություններում: Կարելի է փոխանցել ցանկացած տեղեկատվություն՝ ինտերնետ, բջջային ազդանշաններ մինչեւ բազային կայան, թվային հեռուստաալիքներ, տեսանյութեր եւ այլն:
Ըստ Վ. Գոլոմիդովի՝ համակարգը թույլ է տալիս ընդլայնել գոյություն ունեցող կապի համակարգերը, մոդեռնացնել դրանք՝ համեմատաաբար քիչ ծախսերով: Ներկայումս Laser ITC-ը բանակցություններ է վարում բջջային կապի հայաստանյան օպերատորների եւ ինտերնետ պրովայդերների հետ: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ Երեւանում եւ մերձակայքում փորձնական նպատակով տեղադրել մոտ 10 համակարգեր՝ տեղի բնակլիմայական պայմաններին համապատասխանությունը ստուգելու համար:



























