ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն այնքան բարձր է, որ նա կընտրվի եւ կվերընտրվի ՀՀ նախագահ: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պատասխանելով այն հարցին, թե եթե ԲՀԿ-ն չսատարի Սերժ Սարգսյանին եւ միայն ՕԵԿ-ի աջակցությամբ նախագահական ընտրություններում կարո՞ղ են հաղթել, թե՝ ոչ:
«Հիմնական պայքարը գնալու է երկրորդ տեղի համար, որովհետեւ առաջին ֆավորիտը Սերժ Սարգսյանն է»,- նշեց Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ Գագիկ Ծառուկյանից եւ ԲՀԿ-ից իրենց հայտնի է մեկ կարծիք, որ 2013թ-ի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ այդ կոալիցիոն հուշագրի տակ ստորագրել են ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ նախագահները:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քվեարկությանը ԲՀԿ-ի չմասնակցելուն, նշելով. «2011թ-ին այդ քաղաքական ուժը եղել պատասխանատվություն կրողներից մեկն է եղել: Բայց արի ու տես, որ այդ քաղաքական թիմի շգործիչներից մեկը հայտարարեց, որ եթե իրենք մասնակցեին, ապա իրենք դեմ կքվեարկեին կատարողականին, որովհետեւ այն անարդյունավետ է»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքը հեռու է այն կարծիքից, որ դա ԲՀԿ-ի պաշտոնական կարծիքն է: «Հիմա ես իրենց հարց եմ տալիս.«Սիրելիներս, դուք 2011թ-ին ունեցել եք չորս նախարար, ովքեր ոչ մի անգամ դեմ չեն քվեարակել, ով էր ձեզ խանգարում այն ժամանակ վայր դնել պորտֆելները կամ ասել անարդյունավետ է, իսկ եթե դա ինքնախոստովանություն է, դա արդեն այլ հարց է»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողները հիշեցրեցին նաեւ Վարդան Օսկանյանի հայատարությունը, ըստ որի ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում պետք է հանդես գա առանձին թեկնածուով եւ, եթե չլինի Ծառուկյանը, ինքը պատրաստ է լինել այդ թեկնածուն եւ հետաքրքրվեցին, թե այդ դեպքում հնարավո՞ր է Օսկանյանի նկատմամբ հետապնդումներն ուժեղանան: Էդուարդ Շարմազանովը նախ նշեց, որ խնդիրը բացառապես իրավական է եւ որեւէ մեկի նկատմամբ հետապնդում չկա, իսկ ինչ վերաբերում է Օսկանյանի առաջարկին, նա ասաց, որ հարկ չի համարում գնահատել ԲՀԿ-ի առանձին գործչի քաղաքական ցանկությունները եւ նպատակները: «Մեզ համար ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը եղել եւ մնում է բացառապես կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տեսակետը»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:





























