Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին քննադատել է իշխանություններին՝ սիրիական իրադարձություններում ընդդիմությանը զենք տալու համար։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցապետը լրագրողների՝ Սիրիայի իրադարձությունների հետ կապված հարցին պատասխանել է, թե այնտեղ թափվող արյան համար 2 պատասխանատու կա։ «Թող այնպես չհնչի, թե ես պաշտպանում եմ Ասադին։ Ասադը անհամարժեք ուժ է կիրառում իր երկրի բնակչության դեմ։ Թուրքական իշխանության ուզածը ոչ թե Սիրիայում ռեժիմի փոփոխությունն է, այլ Ասադին ուղարկելն է։ Իսկ մեր ուզածը՝ Սիրիայում արյունահեղության դադարեցումն է։
Սիրիայում թափվող արյան համար հստակ երկու պատասխանատու կա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ասադը։ Ասադը անհամարժեք ուժ է կիրառում, բայց Էրդողանն էլ ընդդիմության ձեռքը զենք է տալիս, ասում՝ գնա դու էլ նրանց սպանիր»,-ասել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։





























