Մենք մեր հակառակորդների հետ այնպես չենք վարվի, ինչին արժանի են, այլ այնպես, ինչին երկիրն է արժանի, վրացի ժողովուրդը, մեր մշակույթը: Այդ մասին նախագահ Սահակաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:
Նրա խոսքով` այդ հանդիպումը այն առողջ քաղաքականության շարունակությունն էր, որն ինքն իր թիմի հետ ներմուծել է. «Այն, որ ես եւ իմ թիմը ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխության նախադեպ ենք ստեղծել, արժանի է պատմության մեջ հիշատակվելուն: Մենք պետք է ամբողջ տարվա ընթացքում արժանապատվորեն պատասխանենք մեր հակառակորդների ոչ արժանապատիվ քայլերին», - նշել է Իվանիշվիլին:
Պետության ղեկավարի հետ հանդիպմանը, Իվանիշվիլիի խոսքով, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականության հարցեր: Կոալիցիայի առաջնորդը նշել է, որ գործող իշխանությունների հետ միանման տեսակետ են ունեցել եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին ինտեգրման հարցում, հայտնում է Interpressnews-ը:
«Մեր հանդիպումը վկայում է, որ մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, արժանապատվորեն ենք վերաբերվում հակառակորդներին», - կրկնել է Բիձինա Իվանիշվիլին:





























