Վրաստանի գործադիր իշխանության փոխանցումը տեղի կունենա առանց որեւէ արտակարգ միջադեպի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` խորհրդարանական ընտրություններում հաղթած կոալիցիայի առաջնորդի` Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
«Առաջին անգամ այս տարածաշրջանում տեղի է ունենում գործադիր իշխանության խաղաղ փոխանցում: Վրացի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը եւ մենք ասում ենք, որ հարգում ենք վրացի ժողովրդի կամքը»,-ասել է Սահակաշվիլին:
«Մենք ասել ենք եւ ոչ մեկի համար անսպասելի չէր, որ մեր միջեւ մնում են հիմնավոր հակասություններ քաղաքական եւ ազգային հարցերում: Սակայն մենք, որպես իշխանություն, որը պատասխանատվություն է կրում, եւ ես, որպես նախագահ, ով հանդիսանում է սահմանադրության գրավականը, կապահովենք, որպեսզի իշխանության փոխանցումը տեղի ունենա առանց հուզումների»,- հայտնել է նա, մեջբերում է «Նովոստի-Գրուզիան»: «Ես հուսով եմ, որ ողջ գործընթացը կհաջողվի իրականացնել սահմանադրական եւ ժողովրդավարական շրջանակներում»,- ընդգծել է Սահակաշվիլին:





























