Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում պաշտպանել Թուրքիային: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Մենք ունենք բոլոր անհրաժեշտ ծրագրերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանենք Թուրքիային», - Բրյուսելում ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման բացումից առաջ լրագրողներին հայտնել է Ռասմուսենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ դաշինքը մտադիր չէ միջամտել Սիրիայի հակամարտությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 4-ին, երբ թուրքական հրետանին  հարվածել էր Սիրիային, ՆԱՏՕ-ն արտահերթ հանդիպում էր անցկացրել, որի ընթացքում դատապարտել էր սիրիական իշխանությունների գործողությունները եւ հաստատել էր Թուրքիային իր աջակցությունը:  

Իր հերթին ՄԱԿ-ի ԱԽ-ն նույնպես ընդունել էր  հայտարարություն, որում կտրականապես դատապարտել էր սիրիական զորքերի կողմից թուրքական Աքչաքալե քաղաքի հրաձգությունը: Սիրիական իշխանություններն էլ իրենց հերթին  ցավակցություն էին հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հայտարարել, որ անցկացնում են հետաքննություն:

Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների, հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից  կատարված հրաձգությունը Աքչաքալե քաղաքում հանգեցրել էր 5 զոհի: Ի պատասխան՝ թուրքական զինված ուժերը հարվածներ էին տեղացել Սիրիայի տարածքում: Ըստ քրդական ANF գործակալության՝ թուրքական զինված ուժերի հարձակումները տեղի են ունեցել սիրիական Այն Արուս գյուղի վրա, որը վերջերս անցել էր «սիրիական  ազատ բանակ» կոչվող խմբավորման տիրապետության տակ եւ գործում էր Սիրիայի կառավարության դեմ` հենց Թուրքիայի աջակցությամբ:  հոկտեմբերի 4-ին կառավարությանը մեկամյա մանդատ Թուրքիայի խորհրդարանը էր տրամադրել անդրսահմանային բանակային գործողություններ իրականացնելու համար: Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները մի քանի անգամ հայտնել էին սահմանին հրաձգության մասին: