Թուրքիայի Դիարբեքիր նահանգի նոր ոստիկանապետ Ռեջեփ Գյուվենի՝ «Եթե սարում մահացած ահաբեկչի համար չեք արտասվում, մարդ չեք» (ահաբեկիչ ասելով նկատի ունեն PKK-ի զինյալներին-խմբ)արտահայտությունը Թուրքիայում բուռն հակազդեցություն է ունեցել։

Դիարբեքիրի ոստիկանապետի հայտարարությունից հետո անմիջապես արձագանքել են PKK-ի կողմից սպանված թուրք զինվորականների ընտանիքները, որից հետո  ոստիկանապետի հայտարարությունը քննադատել են թե իշխանությունները, թե ընդդիմությունը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արձագանքել է ոստիկանապետին՝ հայտարարելով, թե իրենք չեն արտասվելու սպանված ահաբեկչի համար՝ կոչ անելով ոստիկանապետին զբաղվել իր պարտականություններով։

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է ոստիկանապետին՝ հայտարարելով, թե նման արտահայտությունը հասարակությանը պառակտող ազդեցություն ունի։

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին պատասխանել է ոստիկանապետին՝ ասելով. «Եթե ահաբեկչի համար չարտասվողը մարդ չէ, ուրեմն այս դահլիճում մարդ չկա»։ Բահչելին հայտարարել է, թե նման ոստիկանապետը պետք է հրաժարական տա, հակառակ դեպքում պետությունից ստացած աշխատավարձը նրա համար հարամ կլինի եւ կմնա կոկորդին։

Նշենք, որ քուրդ զինյալների հարձակումների կենտրոնում գտնվող Դիարբեքիրի ոստիկանապետը լրագրողների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել էր. «Եթե սարում սպանված ահաբեկչի համար չեք արտասվում, մարդ չեք»։ Նա դեմ էր դուրս եկել նաեւ Թուրքիայի պետական հայեցակարգի գլխավոր կարգախոսի դեմ՝ նշելով, թե նախ մարդն է, հետո՝ հայրենիքը։ «Մարդուն ապրեցրու, որ հայրենիքն էլ ապրի»,-ասել է թուրք ոստիկանապետը։