Թեժ կետերում ծառայող ամերիկացի զինվորականների կանայք որոշել են աջակցել իրենց ամուսիններին՝ քաղաքացիական նորմալ կյանքի վերադառնալու համար պայքարում: Դեպրեսիայով տառապող զինծառայողների մարտական ընկերուհիները գտել են եղանակը, որով հասարակության ուշադրությունը կհրավիրեն այդ խնդրի վրա:

Ռազմական գործողությունների վետերան Ռոբերտ Վայսի 29-ամյա կինը՝ Էշլի Վայսը Facebook-ում ստեղծել է «Battling Bare» էջը, որտեղ տեղադրել է իր կիսամերկ լուսանկարները եւ կոչ է արել զինվորական վետերանների կանանց հետեւել իր օրինակին:

«Իմ ամուսինն ամեն օր մարտի է դուրս գալիս պատերազմի ուրվականների հետ եւ ես ու զինվորականների այլ կանայք փորձել ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք մեր սիրելիներին»,-գրել է նա:

Էշլիի ամուսինը՝ Ռոբերտ Վայսը, ով երեք անգամ գործուղման է եղել Իրաքում, երկար ժամանակ տառապել է հետվնասվածքային սթրեսային խանգարումով: Մի անգամ նա պարզապես հեռացել է տնից, սենյակ վարձել մոթելներից մեկում եւ փակվել այնտեղ մեկ արկղ գարեջրով: Միաժամանակ, նա իր հետ վերցրել է տանը ունեցած զենքի ողջ զինանոցը, գրում է The New York Daily News-ը: Երբ Էշլին գտել է ամուսնուն, նա իր արարքը բացատրել է այսպես. «Պարզապես կյանքն անտանելի է դարձել»: Այդ ժամանակ կինը օգնության խնդրանքով դիմել էր երկրի զինված ուժերին, սակայն օգնության փոխարեն նախկին ծովային հետեւակայինին մեղադրել են ընտանեկան բռնության մեջ:

Դրանից հետո կինը որոշել է ինքնուրույն գործել: Հանվելով մինչեւ գոտկատեղը, կինը լուսանկարել է իրեն թիկունքից՝ ձեռքին ինքնաձիգ բռնած: Դրանից առաջ Էշլին իր թիկունքին երդման տեքստ է գրել՝ ուղղված Ռոբերտ Վայսին. «Կոտրված մարտերում... վիրավորված պատերազմում... Ես միշտ կսիրեմ քեզ, խոստանում եմ: Ես կգնամ ամեն քայլի, որպեսզի բուժեմ քո հոգին», գրում է NEWSru.com-ը:

Պարզվել է, որ Էշլի Վայսի խնդիրը ծանոթ է շատ կանանց: Գնալով ավելի ու ավելի շատ ամերիկւհիներ են միանում եւ իրենց մարմնի վրա գրված երդման տեքստեր հրապարակում: Ճիշտ է, անչափահասների համար գործում են սահմանափակումներ՝ նրանք կարող են լուսանկարել միայն ոտքերն ու ձեռքերը: