Բիձինա Իվանիշվիլիի պարզաբանումը մեծ կարեւորություն ունի Վրաստանի հայ համայնքի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է համայնքի ներկայացուցիչ Ալեքսանր Օհանյանը: Նրա խոսքով, կարեւոր է նման պարզաբանման փաստը: «Իհարկե, մենք դեռ չգիտենք՝ եղել է դա գիտակցվա՞ծ արտահայտություն, որը հետո մեղմացվել է, թե՞ հենց սկզբից այն լրիվ այլ է եղել: Բայց փաստն ակնհայտ է. Իվանիշվիլին պարզաբանումով է հանդես եկել, որը տեղադրվել է նրա պաշտոնական կայքում: Նման վարքը մեզ համար նորություն է»,-հավելել է Օհանյանը:

Խոսելով Վրաստանի նոր կառավարության կազմի մասին, նա ընդգծել է, որ գլխավոր խնդիրը հայության խնդիրների հանդեպ ուշադրությունն է: «Մեզ համար կարեւոր է, որպեսզի խորհրդարանն ու կառավարությունն առավել արդար վերաբերմունք դրսեւորեն հայ համայնքի հանդեպ, համայնքի հետ կապված հարցերը լուծվեն եվրոպական չափանիշների մակարդակով»,-ասել է նա:

Շուտով հայ համայնքը մտադիր է հանդես գալ հայտարարությամբ, որտեղ կհայտնի իր դիրքորոշումը վերջին իրադարձությունների հետ կապված:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին «The New Times»-ին տված հարցազրույցում «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ում գլխավորած ուժը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, հայտարարել էր հայրենիք վերադառնալու վրացիների ձգտման մասին, ի հակադրություն հայերի, որոնք նախընտրում են մնալ հարեւան Վրաստանում: Ավելի ուշ Իվանիշվիլին հանդես էր եկել պարզաբանմամբ, որտեղ նշել էր, որ ասվածը վերաբերել է հայերի եւ հրաների՝ աշխարհի քաղաքացի լինելու եւ ուժեղ սփյուռք ստեղծելու ունակությանը, ի հակադրություն վրացիների, ովքեր միշտ ձգտում են հայրենիք վերադառնալ: