Ռուսաստանը Վրաստանի հետ մտադիր չէ բանակցություններ վարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ: Այդ մասին հարավօսական գործընկեր Դմիտրի Սանակոեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը նշել է, որ երկու պետությունն էլ արտահայտվել են իրենց անկախության օգտին, իսկ Վրաստանին խորհուրդ է տվել կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ, այդ թվում`Հարավային Օսիայի եւ Աբխազիայի:
Սանակոեւն էլ ընդգծել է, որ դեպքերի զարգացումը կախված է Վրաստանի նոր կառավարության դիրքորոշումից: Ըստ նրա՝ Ցխինվալը պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ կառուցել Թբիլիսիի հետ, սակայն միայն իր անկախության ճանաչման դեպքում, հայտնում է rbc-ն:
Նշենք, որ Վրաստանում իշխանության եկած Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիան նույնպես պնդում է, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան երկրի մասն են: ճիշտ է, նոր իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են Մոսկվայի հետ բանակցություններ վարել այդ հարցով:
Ըստ գործող վրացական օրենսդրության՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան անվանվում են «զավթված տարածքներ»: Երբ որեւէ քաղաքացի, անցնելով Վրաստանը, հայտնվում է այդ տարածքներում, ապա նա ինքնաբերաբար դառնում է սահմանախախտ, քանի որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում չկան վրացի սահմանապահներ:





























