ՆԱՏՕ-ի ամեն մի նոր հայտարարություն խորացնում է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը, ըստ որի «Հյուսիսատլանտյան ալյանսը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ապահովել Թուրքիայի պաշտպանությունը»:
«ՆԱՏՕ-ն անընդհատ շոշափում է թեման: Թուրքիան նույնպես դեմ չէ միջամտությանը: Սակայն բոլորը հասկանում են, որ արշավը զբոսանք չի լինելու եւ ժամանակն է զգուշություն ցուցաբերել», - նշել է փորձագետը: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն փորձում է գործել Թուրքիայի ձեռքերով, որը իր հերթին ունի իր հետաքրքրությունները: «Իրավիճակը զարգանում է աստիճանաբար: Սակայն ես կարծում եմ, որ ետդարձի ճանապարհ չկա: Թուրքիան դառնում է Սիրիայի դեմ ցամաքային արշավի լոկոմոտիվը: Եվ ՆԱՏՕ-ի ամեն մի նոր հայտարարություն սրում է իրավիճակը»,-ամփոփել է Գրիգորյանը:




























