Վրաստանի արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին լքել է երկիրը  եւ գտնվում է Ավստրիայում: Այդ մասին հոկտեմբերի 9 –ին հայտնել է «Վրացական երազանք» կոալիցիայից արդարադատության նախարարի թեկնածու Տեա Ցուլուկիանին:

Նրա խոսքով` Ադեիշվիլին լքել է նախարարությունը, այն կառույցը, որը վճռական դեր ունի Վրաստանի իրավական տարածքում: «Նախարարի պահվածքը, մեղմ ասած, զարմանալի է: Նման քայլ կարող է անել միայն անպատասխանատու մարդը»,-հայտարարել է Ցուլուկիանին:

Գործող իշխանության ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել Ադեիշվիլիի հեռանալը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկիրը լքել են նաեւ ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան եւ պաշտպանության փոխնախարար Դատա Ախալայան: