Իսրայելում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այդ մասին այսօր հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: 

Որպես խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գլխավոր պատճառ վարչապետը նշել է  իշխող կոալիցիայում տարաձայնությունները, որոնք վերաբերում են բյուջետային ծախսերի կրճատմանը: Ընտրությունները տեղի կունենան 2013 թվականի հունվարին կամ փետրվարին, հաղորդում է Reuters-ը:

Նեթանյահուն հայտարարել է, որ «արտահերթ ընտրությունների անցկացումն ամենից առաջ բխում է Իսրայելի շահերից»:
Քնեսեթի ընտրությունները  նախատեսված էին 2013 թվականի հոկտեմբերին: Ըստ փորձագետների` Նեթանյահուն փոխել է խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը, որպեսզի թույլ չտա ընդդիմությանը քաղաքական միավորներ հավաքել: Տվյալ պահին հասարակական կարծիքի հարցումները հաղթանակը տալիս են աջ  «Լիկուդ» կուսակցությանը, որի առաջնորդն է վարչապետը, հայտնում է rbc-ն: 

Ամռանը Նեթանյահուն զրկվել էր  քաղաքական գլխավոր դաշնակիցներից մեկից` իշխող կոալիցիայից դուրս էր եկել կենտրոնական  «Քադիմա» կուսակցությունը: Այժմ վարչապետի կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն է կազմում` Քնեսեթում այն զբաղեցնում է  120 տեղից 66-ը: