Պակիստանում թալիբները վիրավորել են 14-ամյա ակտիվիստուհի Մալալա Յուսաֆզային, որը առաջադրվել էր Խաղաղության մանկական մրցանակի: Հոկտեմբերի 9-ին Պակիստանի հյուսիս-արեւմուտքի Սվատ հարթավայրում անհայտ անձը կրակ է բացել դպրոցական ավտոբուսի վրա, երբ աշակերտուհիները, այդ թվում՝ Յուսաֆզայը, բարձրանալիս են եղել:
Բացի ակտիվիստուհուց վիրավորվել են եւս 2 աղջիկներ: Յուսաֆզայը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է LifeNews-ը: Վիճակն օրհասական է:
Թալիբանի գրոհայինները հաստատել են, որ իրենք են կրակել Յուսաֆզային: «Նա իրեն արեւմտյան աղջկա նման է պահում», - հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Էխսանուլա Էխսանը:
Մալալա Յուսաֆզայը կանանց կրթություն ստանալու պայքարում ցուցաբերած խիզախության համար արժանացել է մի շարք մրցանակների եւ պարգեւների։ Նա հայտնի էր դարձել 11 տարեկանում, երբ BBC-ի եւ «New York Times»-ի համար հոդվածներ էր գրել թալիբների հանցագործությունների մասին: Այդ հոդվածները մեծ իրարանցում էին առաջացրել: Այս տարի նրան առաջադրել էին Խաղաղության միջազգային մանկական մրցանակի:




























