Սիմֆերոպոլ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հոկտեմբերի 8-ի երեկոյան Խարկովում արտակարգ վայրէջք է կատարել ուղեւորուհիներից մեկի ծննդաբերությունն սկսվելու պատճառով: Երեխան ծնվել է 10 հազար մ բարձրությունում, հայտնում է «Աերոֆլոտի» մամլո ծառայությունը:
Հղիության 7-րդ ամսում գտնվող կնոջ մոտ թռիչքի ընթացքում ծննդաբերական ցավեր են սկսվել, եւ ինքնաթիռի անձնակազմի ղեկավար Ալեքսանդր Կուլակովը որոշել է վայրէջք կատարել:
Մոսկվայի 29-ամյա բնակչուհի Անաստասիա Կոզլովան արդեն երեք երեխաների մայր է, ծնունդն ընդունել են ուղեկցորդուհի Մարինա Սերեբրյակովան եւ ուղեւորների մեջ գտնվող բուժքույր Սոֆյա Կովալյովան: Ծնված աղջկան կոչել են Վարվարա:
Մի քանի վայրկյան անց բուժքույրը նկատել է, որ երեխան չի շնչում: Նա արհեստական շնչառություն է կատարել, որից հետո աղջիկը շարժվել է եւ թույլ բղավել:
Ինչպես հայտնում է «utro.ru»-ն, նորածնի պորտալարը կտրել են Խարկովից ժամանած բժիշկները: Աղջկա քաշը 1 կգ 50 գ է, երեխան վաղաժամ է ծնվել: Այժմ Վարյան մոր հետ գտնվում է Խարկովի հինգերորդ ծննդատանը: Մոր վիճակը բժիշկները բավարար են գնահատում, իսկ աղջկա վերաբերյալ հարցերին չեն պատասխանել:




























