Մեքսիկայում անցկացված փորձաքննությունը հաստատել է, որ ծովային հետեւակների ջոկատի հետ բախման արդյունքում զոհված ավազակներից մեկի մարմինն իրոք պատկանել է Էրիբերտո Լասկանոյին` թմրամաֆիայի խաշորագույն խմբովորումներից մեկի` «Զետասի» ղեկավարին: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել հանրապետության ռազմածովային նավատորմի նախարարությունը:
Հիշեցնենք, «Էլ Լասկա» մականունով Լասկանոյի սպանության մասին հայտնի էր դարձել նախօրեին: Հաղորդվել էր, որ Լասկանոն եւ եւս մեկ մարդ սպանվել էին մեքսիկական Կոաուիլա նահանգում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում:
Հանցագործի դիակը տեղափոխվել էր դիահերձարան, ոտեղից այն առեւանգել են զինված դիմակավոր անձինք: Հենց նրանք էին Սաբինաս բնակավայրի թաղման բյուրոյից գողացել ենթադրյալ մեկ այլ թմրավաճառի դիակը, հաղորդում է NEWSru.com-ը:
«Էլ Լասկան» Մեքսիկայում գործող ամենադաժան քրեական խմբավորման` «Զետաս» թմրակարտելի հիմնադիր ղեկավարն էր: Այդ խմբավորման գրոհայինները զբաղվում են թմրանյութերի մաքսանենգությամբ, գլխագնի ակնկալիքով մարդկանց առեւանգմամբ, նաեւ արյունալի հաշվեհարդարներ են տեսնում: Դրա օրինակ է 2010թ. երկրի հյուսիսում ապօրինի 72 ներգաղթյալների զանգվածային գնդակահարությունը:
Ինչպես նշվում է, Լասկանոյի ոչնչացումը երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնի գլխավոր հաղթանակն էր: Լասկանոն Մեքսիկայում ամենափնտրվող հանցագործներից էր, ԱՄՆ-ում նրան բռնելու դիմաց 5 մլն դոլարի պարգեւ էին խոստանում:


























