Լազերային նորագույն 3D տեխնոլոգիան նոր փաստեր է հայտնաբերել Սթոունհենջի վերաբերյալ: Գիտնականների կարծիքով, քարագործներն օգտագործել են լավագույն նյութերը, որոնց շնորհիվ ձմռանը մայրամուտի ժամանակ կամ տարվա ամենաերկար օրվա արեւածագի ժամանակ արեւի ճառագայթներն ընկնելով քարերի վրա, փայլում են, հաղորդում է Newsland-ը:
Ստուգման են ենթարկվել հուշարձանի բոլոր 83 քարերը: Վերլուծելով 850 ԳԲ տեղեկատվություն, գիտնականները պարզել են, որ հուշարձանի շինարարության ժամանակ առավել ամուր նյութերն օգտագործվել են այն հատվածներում, որոնք առավել շատ են հայտնվում արեւի ճառագայթների տակ: Բացի այդ, վերլուծության արդյունքում մասնագետները պարզել են, որ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին կառուցված Սթոունհենջի մակերեւույթին կտրվածքներ են արվել, հաղորդում է The Daily Mail-ը:
Միայն հինգ հատվածներում մաքրելով քարի մակերեւույթը 1-3 մմ-ով, հնագետները հայտնաբերել են անհայտ կտրվածքի 72 օրինակներ: Ներկայումս դրանք հնարավոր չի դիտել անզեն աչքով, իսկ բրոնզե դարում բոլոր օրինակները լավ երեւացել են:
Հիմա գիտնականները կարող են պնդել, որ Սթոունհենջը գեղարվեստական պատկերասրահ է եղել: Բացի այդ, 3D սկանավորումից հետո մասնագետները եւս մեկ գաղտնիք են հայտնաբերել: Պարզվում է, որ Սթոունհենջը կառուցել են, որպեսզի այն դիտեն հյուսիս-արեւելյան կողմից:





























