Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  եւ պաշտոնեական  անփութություն դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի  նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Շախկուլյանը, աշխատելով ՀՀ արդարադատութան նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի  հարկադիր  կատարող, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական  դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարանի  2010թ.օգոստոսի 11-ի ԼԴ/0212/02/10 կատարողական  թերթի հիման վրա  քաղաքացի Վ. Հովհաննիսյանից 249 766 դրամ հօգուտ բանկի բռնագանձելու  նպատակով վերջինիս շարժական գույքի, այդ թվում` կահույքի,ավտոմեքենայի եւ այլ գույքերի առկայության պայմաններում բռնագանձումը տարածել է սեփականության իրավունքով պատկանող՝ Վանաձոր  քաղաքում գտնվող  բնակարանի վրա: Ընդ որում՝  7 289 000 դրամ գնահատվելու  պարագայում  բնակարանը 2012թ. սեպտեմբերի 1-ին հարկադիր էլեկտրոնային  աճուրդով իրացրել է ընդամենը 3 278 061 դրամով, որով էական վնաս է պատճառվել անձի օրինական շահերին՝ քաղաքացուն զրկելով  բնակարանից՝  այդպիսով առաջացնելով  ծանր հետեւանքներ:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ ՀՀ արդարադատության նախարարության  ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզայի բաժնի պետ  Ա.Հարությունյանը դրսեւորել է անփույթ վերաբերմունք իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը եւ պատշաճ հսկողություն  չի սահմանել բաժնում հարուցված վերոհիշյալ  կատարողական վարույթի գործողությունների նկատմամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Շախկուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), իսկ Ա.Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի  315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ):

Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: