Ձերբակալվածի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստացված բողոքի կապակցությամբ ծառայողական հետաքննություն է սկսվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չափազանց քիչ տվյալներ ունի, ինչն էլ դանդաղեցնում է գործընթացը:
«Հայտարարությունում շատ անհայտներ կան. Ո՞վ է տուժողը: Որտե՞ղ, ո՞ր բաժանմունքում է կատարվել դեպքը: Լավ է, որ ամսաթիվն նշված եղել: Այդ պատճառով այս հարցերի պատասխանն ստանալու համար ժամանակ է պետք եղել: Ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական հետաքննություն է սկսվել», - նշել է Աշոտ Ահարոնյանը:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հոկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել, որ հոկտեմբերի 5-ին թեժ գծով հաղորդում է ստացվել ոստիկանական բաժանմունքում տեղ գտած միջադեպի մասին:
Տղամարդը, որի անունը չի հաղորդվում, ինքնավնասում է կատարել, ինչի պատճառ են դարձել ոստիկանների կողմից ծեծը եւ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքը: Այդ մասին ձերբակալված տղամարդը հայտնել է ահազանգին արձագանքած ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցներին, նաեւ` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմում էր գրել:



























