Փայլող օբյեկտը, որը NASA-ի մասնագետները վերջերս հայտնաբերել են Curiosity մարսագնացի ուղարկած լուսանկարներում, իսկապես ապարատի դետալներից է եղել: Այս մասին հաղորդվում է ամերիկյան տիեզերական գործակալության պաշտոնական կայքը:
Մասնագետները դեռ չեն կարողանում պարզել, թե հատկապես որ հատվածն է պոկվել մարսագնացից: Նրանք միայն պարզել են, որ դա, ենթադրաբար, պլաստիկի փափուկ կտոր է: Մարսագնացի մոտ հայտնաբերված օբյեկտի հետազոտությունը կշարունակվի եւս մեկ օր: Այդ ողջ ընթացքում մարսագնացը դադարեցրել է իր աշխատանքը: Նախատեսված ծրագրին այն կվերադառնա միայն այն ժամանակ, երբ NASA-ի մասնագետները կհամոզվեն, որ այդ դետալի բացակայությունը չի սպառնում Curiosity-ի աշխատունակությանը, հաղորդում է KM.RU-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարսի մակերեւույթին՝ Curiosity մարսագնացի մոտ, փոքրիկ վառ օբյեկտ է նկատվել, որը կարող է մարսագնացի դետալներից լինել։ ՆԱՍԱ-ի հաղորդմամբ, այդ կապակցությամբ որոշվել է դադարեցնել մարսային 52-րդ օրվա գործողությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան տիեզերական մասնագետները փորձարկում են երկմետրանոց մանիպուլյատորը եւ դրան ամրակցված գիտական սարքերը, հայտնում է ԱՄՆ-ի Տիեզերական գործակալության ռեակտիվ շարժման լաբորատորիան։ Թեստերի եւ ստուգումների շարքը տեւել է 10 օր, հայտնել են NASA-ից։
Curiosity մարսագնացը Մարսի մակերեւույթին վայրէջք է կատարել օգոստոսի 6-ին։ Դրա նպատակն է հետազոտությունների միջոցով հայտնաբերել՝ արդյոք Մարսում երբեւէ կյանք եղել է եւ արդյոք այժմ դրանում բնակության համար պիտանի վայրեր կան։





























