Հայաստանում հոգեկան հիվանդությամբ տառապող հիվանդների թիվը հասնում է 45 հազարի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին Հոգեկան առողջության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին ասաց ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը եւ ավելացրեց, որ այսօր գրեթե բոլոր հոգեբուժարանները վերանորգման կարիք ունեն:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ այդ հիվանդությունները հիմնականում կախված են սոցիալական վիճակից: «Արեւմտյան Եվրոպայի զարգացած երկրներում այսօր դեպրեսիան առաջին տեղում է: Ինչը պայմանավորված էր նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամով»,- նշեց գլխավոր հգեբույժը եւ ավելացրեց, որ ամեն տարիք ունի իր հիվանդությունը, կան թե մանկական տարիքի, թե երիտասարդ տարիքի, թե ծերունական տարիքի հիվանդություններ, իսկ կանայք ավելի քիչ են դիմում ստացիոնար բուժման, հարաբերակցությունը 1/3 է:
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն էլ ասաց, որ հոգեկան հիվանդությունները լինում են ժառանգական, կենսաբանական, հոգեբանական եւ սոցիալական պատճառներով: «Կա հետաքրքիր վիճակագրություն, որի համաձայն դեպրեսիվ վիճակը բնորոշ է ինչպես գործազուրկին, այնպես էլ աշխատողին, որը գտնվում է խիստ ծանր մենեջմենտի ներքո: Ֆրանսիայի խոշորագույն կազմակերպություններից մեկում մեծացել է ինքնասպանությունների թիվը այն պատճառով, որ կառավարման համակարգը շատ խիստ էր: Եթե ձեր ժամերը հաշվարկված է կարող ենք պատիժ ստանալ եւ այլն եւ այլն»,- նշեց նա:





























