Հայաստանը հիմնավորված պատճառ ունի հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունները հետ վերցնելու եւ այսօր դա պետք է կատարվի հնարավորինս շուտ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ այսօր, երբ լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 3-րդ տարին, դրանք նույն վիճակում են, ինչ 3 տարի առաջ, երբ ստորագրվել էին: «Մեկնաբանությունները,թե արձանագրությունները փաստորեն մահացել են, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, իրավականորեն դրանք կան եւ իրավական փաստաթղթեր են: Կա նաեւ թուրքական կողմի մեկնաբանությունը, որ այդ արձանագրությունները կենդանի են, մահացած չեն, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, դա կիսով չափ է իրականությանը համապատասխանում, մասնավորապես՝ այն, որ դրանք կան, բայց ոչ մի աշխատանք չի կատարվում»,- ասաց Կիրո Մանոյանը:
ՀՅԴ-ի տեսակետը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ չի փոխվել, դրանք վատն են եւ Հայաստանի շահերից չեն բխում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ այդ արձանագրությունները դադարեն գոյություն ունենալուց, որի միջոցներից մեկը Հայաստանի կողմից ստորագրություն վերցնելն է: «Անհրաժեշտ է, որ Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունները, որովհետեւ ներկա պահով դրանք ոչ թե օգուտ են տալիս Հայաստանին, այլ Թուրքիային: Թուրքիան արձանագրությունները օգտագործում է որպես լծակ՝ Արցախի հարցով դերակատարություն ստանձնելու համար, դրա համար էլ պետք է հետ վերցնենք մեր ստորագրությունները»,- ասաց Կիրո Մանոյանը
Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից ստորագրությունների հետ վերցնելը չի լինի մինչեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները, քանի որ դրանցից ստացած միակ օգուտը Հայաստանի իշխանությունների՝ լավ գործընկերոջ իմիջ ձեռք բերելն էր մի շարք պետությունների աչքում, որոնց շահերից է բխում այդ արաձանգրությունները, բայց ոչ մեր: Կիրո Մանոյանը նաւե շեշտեց, որ արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ վերցնելը տարածաշրջանի կայունթյանը որեւէ կերպ չի վնասի:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























