«Ստեփանակերտ» օդանավակայանի շահագործման սկզբի մասին հայտարարությանը Ադրբեջանի եւ Թուրքիայի արձագանքը կանխատեսելի էր եւ հերթական անգամ ցույց տվեց ռազմաքաղաքական տանդեմի առկայությունը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով Թուրքիայի կողմից հնարավոր պատժամիջոցների, մասնավորապես` Հայաստանի համար օդային տարածքը փակելու մասին հայտարարությանը:

«Հայաստանի տարածքում եւս միջանցքներ կան, եւ մենք մեր գործիքներն ունենք, որոնց օգտագործումը կարող է սպառնալ շատ կողմերի շահերին: Ուստի չեմ կարծում, որ խոսքից գործի անցնեն», - նշել է փորձագետը:

Անդրադառնալով քաղաքացիական ինքնաթիռները կործանելու մասին ադրբեջանական սպառնալիքներին` նա նկատեց, որ «եթե նրանք վստահ լինեն իրենց անպատժելիությանը, ամենայն հավանականությամբ կանեն դա»: «Բայց մենք կարղ ենք համարժեք պատասխան տալ: Այդ պատճառով նման սպառնալիքներն ավելի շուտ հոգեբանական բնույթի են», - ասել է Դավիթ Ջամալյանը:

Փորձագետն ընդգծել է, որ, խոսելով պատասխանի մասին, նկատի չունի ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռներ ոչնչացնելը:

«Պատասխանը կլինի անհամաչափ, դիպուկ եւ խիստ ցավոտ»,- ընդգծել է փորձագետը` հավելելով, որ օդանավակայանի աշխատանքի սկիզբը եւ դրա հետ կապված սպառնալիքները ռազմական լայնածավալ գործողություների պատճառ չեն կարող դառնալ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի