Ադրբեջանն իր ռազմական առկա ներուժով ի վիճակի չէ շուտափույթ պատերազմի հավակնելու: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Այդ պատճառով առաջիկայում լայնածավալ պատերազմը քիչ հավանական է», - կարծում է նա: «Այլ հարց է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Ճիշտ է, այդ ուղղությամբ ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս», - հավելել է Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով` Ադրբեջանի ռազմական հսկայական բյուջեի մասին անվերջանալի հայտարարությունները քարոզչական նպատակներ են հետապնդում: «Իրականում իրենց հսկայական բյուջեի օգնությամբ նրանք ուժերի գերակշռության չեն հասել եւ չեն հասնի», - ընդգծել է փորձագետը:
Այս համատեքստում նա ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները:
«Կարեւորագույն հարցերից է ռուսական սպառազինությունն արտոնյալ գներով ձեռքբերումը: Դա թույլ է տալիս կանխել առավելության հասնելու Ադրբեջանի փորձերը», - հիշեցրել է Ջամալյանը: Փորձագետը նաեւ նկատել է, որ այդկերպ Ադրբեջանի ռազմական հսկայկան ծախսերը զրոյի են հավասարվում: «Ռուսաստանի հետ համագործակցությունը գործոն է, որը կանխում է անհավասարակշռության հասնելու Ադրբեջանի ձգտումը», - ասել է փորձագետը` հավելելով, որ հայկական կողմը կշարունակի զենք գնել եւ կանխել Ադրբեջանի քարոզչական մանիպուլիացիաները:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























