Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Երազանքի քաղաք» Լազիկայի կառուցումն ավարտին չի հասցվի: Այդ մասին հայտնել է տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարի թեկնածու Կախա Քալաձեն:

Ինչպես հայտնում է «Գռուզիա օնլայնը», հայտնի նախկին ֆուտբոլիստ Քալաձեն ասել է, որ «Սահակաշվիլիի հիմար մտահղացումները չեն իրագործվի», քանի որ պետությունը նման նախագծերի համար բավարար միջոցներ չունի` դրանով իսկ բառացի կրկնելով  կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի խոսքերը:

Մեկնաբանելով փոխվարչապետի եւ նախարարի պաշտոնում իր առաջադրումը` Քալաձեն նշել է, որ «չէր սպասում»: «Սա շատ պատասխանատու պաշտոն է, եւ ես ամեն ինչ կանեմ ի շահ իմ ժողովրդի», - ասել է Կիեւի «Դինամոյի» եւ իտալական «Միլանի» նախկին պաշտպանը:

Ավելի վաղ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Forbes-ի հետ հարցազրույցում Լազիկայի շինարարության նախագիծն անվանել էր «անեկդոտ» եւ հասկացրել, որ մտադիր չէ շարունակել: «Դրանք անեկդոտներ են, ոչ թե նախագծեր: Ես դրանք անվանում եմ անեկդոտներ` Լազիկա քաղաք, «Լազիկա» տանկ, «Լազիկա» ԲՏՌ. Ոչ ոք, իհարկե, դրանք լուրջ չի ընդունում: Ծիծաղելի է», - հայտարարել էր Իվանիշվիլին:

Սեւ ծովի ափին Լազիկա քաղաքի հիմքը Սահակաշվիլին պաշտոնապես դրել էր այս սեպտեմբերին:  «Սա իմ քմահաճույքը չէ: Չինաստանից Եվրոպա ամենակարճ ճանապարհն անցնում է Սամեգրելոյով: Այստեղով բեռներ կտեղափոխեն, ձեռնարկություններ կստեղծվեն, մեծ փողեր կներդրվեն, ամբողջ աշխարհից ներդրողները ընկերություններ կհիմնեն, հյուրանոցային նոր ցացեր կկառուցվեն», - նշել էր նախագահը: Շինարարության առաջին քառամյակում քաղաքի կառուցման համար նախատեսվում էր ներդնել 120 մլն դոլար եւ 600 – 900 մլն դոլարի ներդրումներ ներգրավել: