Ամերիկյան Հյուսթոնի դատարանը (Թեքսաս նահանգ) հոկտեմբերի 9-ին չբացակայելու ստորագրությամբ ազատել է ԱՄՆ-ից Ռուսաստան միկրոէլեկտրոնիկայի ապօրինի արտահանման գործի մասնակից Լյուդմիլա Բաղդիկյանին: Նրա համար երաշխավորել են որդին ու դուստրը:
Դատարանի հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի բնակիչ եւ ԱՄՆ-ի քաղաքացի Լյուդմիլա Բաղդիկյանը փաստացի տնային կալանքի տակ կգտնվի: Եթե կալանքի ռեժիմը խախտվի, նա պետք է 100 հազար դոլար տուգանք վճարի:
Միաժամանակ, դատավորը գրավի դիմաց Arc Electronics Inc ընկերության մեկ այլ աշխատակցուհու` Սվետլանա Զագոնի ազատման վճիռ է կայացրել: Ուկրաինական ծագմամբ ԱՄՆ-ի քաղաքացին 35 հազար դոլար է վճարել: Դատավորը երկու անգամ վերանայել է որոշումը: Հոկտեմբերի 5-ին նրան գրավի դիմաց ազատել էին, բայց շուտով առանց պատճառը մեկնաբանելու վերադարձրել էին բանտ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնում է dni.ru-ն, մեկ այլ մասնակից` Անաստասիա Դյատլովան, շարունակում է մնալ հսկողության տակ: Նրա փաստաբանն այդ առթիվ բողոք է նախապատրաստում: Հյուսթոնում Ռուսաստանի գլխավոր դատախազը հայտնել է, որ դատարանը պաշտպանության փաստարկներից ոչ մեկը հաշվի չի առել: Ռուսին հսկողության տակ թողնելու պատճառներից մեկը ռուսական անձնագրի առկայությունն էր եւ Ներքին Տագիլում բնակվող ծնողները: Դյատլովան ԱՄՆ-ի քաղաքացի է, այդ կապակցությամբ դատավորը նշել է, որ այլ երկրի աննձնագիր ունենալն ԱՄՆ-ի քաղաքացիների համար օրինական չէ:
Ընթացիկ շաբաթ Arc Electronics Inc-ի գործի մասնակիցներին նախատեսվում է տեղափոխել Նյու Յորք: Նրանց դեմ քրեական հետապնդումը հարուցել էր Բրուքլինի դատարանը, որտեղ գտնվում է Ջոն Քենեդու անվան օդանավակայանը, որի միջոցով, համաձայն մեղադրականի, նրանք ապօրինի արտահանումն են իրականացրել:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Բրուքլինի դատախազությունը 11 հոգու մեղադրանք էր ներկայացրել ռազմական տեխնոլոգիաներն ապօրինաբար Ռուսաստան արտահանելու համար: Մեղադրյալների ցուցակում են`46-ամյա Ալեքսանդր Ֆիշենկոն, 34-ամյա Շավկաթ Աբդուլաեւը, 36-ամյա Յուրի Սավինը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, 38-ամյա Անաստասիա Դյատլովան, 37-ամյա Վիկտորյա Կլեբանովան, 44-ամյա Սերգեյ Կլինովը, 58-ամյա Ալեքսանդր Պոսիբիլովը, Դմիտրի Շեգուրովը, 32-ամյա Սվինջ Թաղիեւան եւ 31-ամյա Սվետլանա Զագոնը: Պատասխանատվության ենթակա են նաեւ Թեքսաս նահանգում գրանցված Arc Electronics Inc եւ ՌԴ-ում գրանցված Apex System ընկերությունները:
Քննության տվյալներով` դրանց հիմնադիրը Ա. Ֆիշենկոն է: Դատախազության համաձայն` գործի մասնակիցները մեղադրվում են կառավարական խիստ վերահսկողության տակ գտնվող միկրոէլեկտրոնիկայի դետալներ արտահանելու մեջ, որոնք կարող են կիրառվել ռազմական շատ համակարգերում:
Մեղադրանք էր ներկայացրել բոլոր 11 կասկածյալներին, նրանցից 8-ն էին ձերբակալվել, քանի որ երեքը երկրից դուրս են գտնվում:




























