Ոստիկանությունը հարցաքննել է Մոսկվայի Վերնադսկիի պողոտայում տեղի ունեցած վթարի վկային, որի ժամանակ զոհվել է 54-ամյա դերասանուհի Մարինա Գոլուբը: Պարզվել է, որ ավտովթարի պատճառ դարձած Cadillaс-ի 35-ամյա ուղեւոր Թիմուր Խայրուտդինովը Ռուսաստանի ԱԳՆ երկրորդ քարտուղարն է: Խայրուտդինովի խոսքով, ինքը չի ճանաչում մեքենայի վարորդին, նա պնդում է, որ փողոցում է մեքենա կանգնեցրել:

Ոստիկանությունը դեռ պետք է պարզի, թե արդյոք դիվանագետը ճիշտ է ասում եւ ինչու «տաքսիստն» այդքան արագ էր սլանում եւ անցել է կարմիր լույսի տակով: Չի բացառվում, որ վարորդն այդպես է վարվել VIP-ուղեւորի խնդրանքով, ով խոստացել է դրա համար շռայլորեն վճարել, հաղորդում է LifeNews-ը:

Վթարի 31-ամյա մեղավորը, պարզվում է, հայտնի իրավախախտ է: Ընդհանուր առմամբ, նրա դեմ կազմվել է 50 արձանագրություն: Cadillac-ի սեփականատեր Ալեքսեյ Ռուսակովը մեքենայի ղեկին է արդեն 12 տարի: Այդ ընթացքում նա բազմաթիվ խախտումներ է թույլ տվել: 10 անգամ նա վթարի է ենթարկվել, որից 6-ում մեղավորը հենց ինքն է եղել:

Արձանագրությունների մեծ մասը կազմվել է արագությունը գերազանցելու համար: Մեկ տարում Ռուսակովին երեք անգամ բռնել են ոչ սթափ վիճակում ղեկին գտնվելու համար: