Pussy Riot խմբի անդամներից մեկին` Եկատերինա Սամուցեւիչին Մոսկվայի քաղաքային դատարանն ազատել է հենց դատարանի դահլիճում: Նրա պատիժը մեղմացրել են` երկու տարվա իրական ժամկետը փոխարինելով պայմանականով: Բացի այդ, նրան փորձնական ժամկետ են նշանակել (երկու տարի):
Նադեժդա Տոլոկոննիկովայի եւ Մարիա Ալյոխինայի նկատմամբ Խամովնիկի դատարանի վճիռն ուժի մեջ է մնում: Նրանք երկու տարվա գաղութի են դատապարտվել:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հոկտեմբերի 10-ին Սամուցեւիչի փաստաբան Խրունովան նշել է, որ իր պաշտպանյալը Pussy Riot-ի ելույթին չի մասնակցել, քանի որ նրան հեռացրել է հսկիչը: Փաստաբանն ընթերցել է վկաների համապատասխան ցուցմունքը:
Դատական նիստի ընթացքում մեղադրյալները կրկնել են, որ իրենք հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու մտադրություն չեն ունեցել եւ քաղաքական դրդապատճառներով են այդ քայլին դիմել:




























