Հալեպ քաղաքում շարունակվում են բախումները սիրիական կառավարական բանակի եւ այսպես կոչված «սիրիական ազատ բանակի» գրոհայինների միջեւ:

Ինչպես հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, Հալեպի Դուվար Ալ-Ագյուր հրապարակում   զինվորական ստորաբաժանումները  ոչնչացրել են ռազմական 2 մեքենա  եւ նախկինում գրահայինների կողմից առեւանգված «Շտապ օգնության» 3 մեքենա: Ոչնչացման պահին մեքենաների բեռնախցերում եղել են մեծ  քանակության զենք:

Հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է գրոհայինների խմբի ղեկավարը, ով ահաբեկիչների շրջանակներում հայտնի է Ահմեդ Աբու Լել անվամբ, ինչպես նաեւ երեք հրաձիգներ եւ ահաբեկիչ: Կառավարական զորքերը գրոհել են նաեւ ահաբեկիչների կայանատեղին, ինչի արդյունքում ոչնչացվել են ռազմական մեքենաներ, ինչպես նաեւ սպանվել կամ վիրավորվել են բազմաթիվ գրոհայիններ:

Դամասկոսի արվարձանում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկների եւ զինամթերքի  պատրաստման ընդհատակյա արհեստանոց: Պետական հեռուստաընկերությունը հայտնել է նաեւ Հոմս եւ Դարաա մարզերում իրականացված հաջող գործողությունների մասին: