Ղարաբաղյան կռվի եւ մարդկային պարզ հարաբերությունների մասին «Եթե բոլորը» ֆիլմը կինոսիրահարի ուշադրությանն է արժանացել այն պահից ի վեր, ինչ հայտնվել է մեծ էկրաններին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ նկարահանված եւ Հայաստանի անկախությանը եւ հայկական բանակի 20-ամյակին նվիրված ֆիլմը մեծ արձագանք է ստացել ոչ այդքան հայրենի, որքան միջազգային մամուլի կողմից: Իսկ հոկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան ակադեմիայի սահմանած «Օսկարի» մրցանակակիրների լոնգ-լիստի մեջ, գրում է «Արմենպրեսը»:
«Ֆիլմի հաջողությունը առաջին հերթին սիրո եւ անկեղծության մեջ է»,-կարծում է ֆիլմի ռեժիսոր Նատալիա Բելյաուսկենեն: Նրա խոսքով « դժվար է ասել. թե ինչքանով կկարողանա այս ֆիլմը աշխարհին ներկայացնել հայ-ադրբեջանական մշակութային կապերը, սակայն մի բան պարզ է, իրականությունը հեռու է քաղաքականությունից»:
Ֆիլմի պրոդյուսերներից մեկը` Թերեզա Վարժապետյանը կարծում է, որ Օսկարի երկար ցուցակի մեջ ընդգրկումը արդեն իսկ հաջողություն է եւ ուրախանալու առիթ:
Հիշեցնենք, որ «Օսկարի» հավակնորդները հայտնի կդառնան 2013 թ-ի հունվարի 10-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում փետրվարի 24-ին նշանավոր Hollywood and Highland Center-ում:



























