Վենեսուելան կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային: Այդ մասին Կարակասում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսը:

«Սիրիայի օրինական նախագահ Բաշար ալ Ասադից բացի էլ ո՞ւմ պաշտպանենք: Ահաբեկիչների՞ն, որոնք ցանկանում են անցումային խորհուրդ ստեղծել եւ իրենց հետեւից մահ են սփռում», - Չավեսի խոսքերը մեջբերում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Վենեսուելայի նախագահը հավելել է, որ իր համար տարօրինակ է ահաբեկիչների կապը արեւմտյան տերությունների հետ եւ Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական կառավարության հետ շփվելու վերջիններիս մերժումը: Լրագրողների հետ շփման ընթացքում Ուգո Չավեսը նաեւ բարձր է գնահատել Ռուսաստանի եւ Չինաստանի դերը սիրիական ճգնաժամի հարցում:

Հիշեցնենք, Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցության առաջնորդ, երկրի գործող նախագահ Ուգո Չավեսն անցած կիրակի 6-ամյա ժամկետով վերընտրվել է նախագահի պաշտոնում: