Հայաստանում միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիա չկա: Այդ մասին հոկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում հայտնել է Գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, նման իրավիճակը բարդացնում է արտահանողների հավաստագրումը:

«Ոչ բոլոր լաբորատորիաներն են կարողանում արտահաման համար անհրաժեշտ անալիզների ամբողջական գամման անցկացնել: Բացի այդ, ոչ բոլորն են տեղյակ, թե ինչ անալիզներ պետք է անցնի այս կամ այն արտադրանքը ԵՄ-ում ընդունվելու համար: ԵՄ-ի օրենսդրությանն այս ոլորտում պետք է մշտապես հետեւել, իսկ դա ոչ բոլորն են կարող կամ ոչ բոլորն են ցանկանում: Որոշները գերադասում են պարզապես տրամադրել հաճախորդի ակնկալած փաստաթուղթը եւ ուղարկել նրան», – նշել է Մակարյանը:

Միջազգային հավաստագրման գործընթացում է գտնվում Սննդի անվտանգության ծառայության լաբորատորիան` FAO-ի մասնագետների տեխնիկական աջակցությամբ: Սակայն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն անցնելու համար շուրջ մեկ տարի կպահանջվի: Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Ստանդարտների ինստիտուտի լաբորատորիան ներկայումս հավաստագրում է արտահանվող գինին, բայց իբրեւ ժամանակավոր մարմին:

«Այս լաբորատորիան ընտրել են Հայաստան-ԵՄ բանակցությունների ընթացքում, բայց սոսկ ժամանակավոր` հավատարմագրված լաբորատորիաների բացակայության ընթացքում», – հստակեցրել է Մակարյանը: Նրա խոսքով` Միությունը կփորձի բարձրացնել տեղեկացվածության մակարդակը արտահանման օրենսդրության եւ ԵՄ-ի ընթացակարգերի ոլորտում` վճարովի եւ անվճար ձեւաչափերով: