«Մարսել-Հայաստան» ասոցիացիան եւ «Publicité par l’image» կազմակերպությունը հոկտեմբերի 18-ին, պրեմիերայից առաջ, Մարսելի գրադարանում կազմակերպում է ռեժիսոր Ժան-Պյեռ Կարլոնի «Ես երազել եմ Հայաստանի մասին» 52-րոպեանոց վավերագրական ֆիլմի փակ դիտումը: Այս մասին հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ն:

Դիտմանը կմասնակցեն Մարսելի քաղաքապետ եւ Բուշ Դյու Ռոնի սենատոր Ժան Կլոդ Գոդենը, պրոդյուսեր Վալերի Դյուպենը (Les Productions du Lagon), «France 3 Sud-Est»-ի տնօրեն Պատրիկ Լաբարյերը, «France 3 Provence-Alpes»-ի տարածաշրջանային պատվիրակ Բրյունո Լե Դրեֆը, «Մարսել-Հայաստան» ասոցիացիայի նախագահ-պատվիրակ եւ Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը:

«Ես երազել եմ Հայաստանի մասին» ֆիլմը եւ հիշողություն է, եւ ապագա: Ֆիլմի բոլոր պերսոնաժների գլխավոր հարստությունը հայությունն է, ոգեշնչումը, ովքեր փորձում են հավասարակշռություն գտնել ցավագին անցյալի ու ապագայի վրա դրա պրոյեկտման միջեւ: Դա ցեղասպանության հետեւանքով աշխարհասփյուռ ժողովրդի պայքարն է:

Այս վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է ֆրանսիական «France 3 Provence-Alpes» եւ «France 3 Côte d’Azur» հեռուստաալիքներով, հոկտեմբերի 20-ին, իսկ «France 3»-ն այն կցուցադրի դեկտեմբերի 17-ի կեսգիշերին: