Պուտինի հետ թռչող 6 կռունկները փոշմանել են եւ հարավ թռչելու փոխարեն վերադարձել են իրենց հայրենի Օկսկի արգելոց, ընդ որում՝ օդանավով: Ըստ ամենայնի, երիտասարդ թռչունները չեն կարողացել ամբողջությամբ հարմարվել, ուստի չեն շարունակել իրենց թռիչքը երամի հետ, կարծում են ռուս մասնագետները:
Կրեմլն արդեն արձագանքել է նման «տխուր» լուրին: «Մենք տեսանք տխուր տեղեկությունը, ըստ որի կռունկները չեն կարողացել թռչել հարավ: Մենք, իհարկե, կկապվենք օրնիտոլոգների հետ եւ կպարզենք, թե ինչ է տեղի ունեցել: Նույնիսկ եթե կռունկները չեն թռել, մենք վստահ ենք, որ օրնիտոլոգները կշարունակեն ամենամանրակրկիտ ձեւով հետեւել այդ թռչւնների ճակատագրին»,-«Ինտերֆաքսին» ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, Պուտինը մասնակցել է ռուս օրնիտոլոգների կազմակերպած փորձարկմանը՝ կռունկների փրկությանն ուղղված «Հույսի թռիչք» նախագծի շրջանակներում: Պուտինը գտնվելով մոտոդելտապլանի ղեկի մոտ, երեք թռիչք է կատարել, որոնցից երկուսի ժամանակ նրան ուղեկցել են կռունկները: Ակցիայի իմաստն այն է եղել, որպեսզի անազատության մեջ մեծացած թռչունները սովորեն հետեւել իրենց ավագին:





























