Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 10-ին, «Հարսնաքարի» գործով դատավոր Դավիթ Հարությունյանը մերժել է ամբաստանյալների պաշտպանների կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։ Ամբաստանյալների պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել  դատավոր Դավիթ Հարությունյանին՝  նշելով, որ նա կողմնակալ վերաբերմունք է ցույց տալիս:  Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը նշել է, թե չեն ուզում դատավարությունը վերածել շոուի, ուզում են իրոք դատավարություն լինի, դրա համար էլ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնել:

Այսօր նաեւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը դիմում է ներկայացրել իր պաշտպան Վաղինակ Գեւորգյանի իրավաբանական ծառայություններից հրաժարվելու մասին: Ի դեպ, գեւորգյանն անցած շաբաթ էր ստանձնել պաշտպանությունը, իսկ այժմ նրան փոխարինելու է փաստաբան Միհրան Պողոսյանը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17–ին ժամը 14:30–ին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից  մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):