Թուրքիան տարծաշրջանում վարվող իր քաղաքականությամբ ռիսկի է գնում: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին՝ «Ինտերֆաքսին» տված բացառիկ հարցազրույցում, նկատի ունենալով Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների սրումը: Ալ-Մալիքին Թուրքիայի քաղաքականությունն անվանել է «սխալ», իսկ այդ երկրի վարքը՝ «լկտի»:

«Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Թուրքիային, քանի որ Թուրքիան իրեն լկտի է պահում: Կարելի է ասել, կարծես նա Սիրիայի ժողովրդի փոխարեն իր վրա է վերցնում Սիրիայի խնդիրների լուծման պատասխանատվությունը եւ ուզում է նրանց վզին փաթաթել իր լուծումը: Ուստի միջազգային հանրությունը պետք է միջամտի եւ կանգնեցնի Թուրքիային: Թուրքիան փորձում է ներգրավել ՆԱՏՕ-ին Սիրիայի գործերում: Դա շատ վտանգավոր է, որովհետեւ, Աստված չանի, կրկնվի լիբիական սցենարը:

Մենք կարծում ենք, որ եթե ՆԱՏՕ-ն, Թուրքիային պաշտպանելու անվան տակ միջամտի Սիրիայում տիրող իրավիճակին, դա կարող է լուրջ պատերազի առիթ դառնալ ողջ տարածաշրջանում»,-ընդգծել է Իրաքի վարչապետը: