«Վրացական երկաթուղիներ» ընկերությունն աշխարհի ամենաշահութաբեր տրանսպորտային ընկերություններից է, տեղեկացնում են վրացական ԶԼՄ-երը: Շահութաբերության մակարդակով ընկերությունը գերազանցում է ոչ միայն հետխորհրդային տարածքի, այլեւ` ամերիկյան ու եվրոպական երկաթուղային ընկերություններին: Այսպես` «Վրացական երկաթուղիների» շահութաբերության նորման 2011 թ. կազմել է 54.6%, Ղազախստանում դա 42% է, Ռուսաստանում` 33%, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում` 30-48%:

2010 թ. «Վրացական երկաթուղիները» Լոմդոնի ֆոնդային բորսայում հաջողությամբ տեղաբաշխել է եվրոպարտատոմսեր, իսկ 2012 թ. պահպանում է առավելագույն հնարավոր վարկային վարկանիշ ըստ Standard& Poor's-ի ու Fitch Ratings-ի:

Նշենք, որ վրացական երկաթուղով տրանզիտային փոխադրումներ են իրականացվում դեպի Վրաստան եւ Հայաստան: Վրացական երկաթուղով Հայաստանը 2011 թ. ներկրել է 1.3 մլն տոննա եւ արտահանել 450 հազ. տոննա բեռ: Նվազագույն հաշվարկներով` հայկական ընկերությունները վրացական երկաթուղուց օգտվելու համար տարեկան ծախսում են 150-200 մլն դոլար: