Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել «Սիվիլիթաս» հիմնադրամից առգրավել փաստաթղթերը եւ ԱԱԾ քննիչներն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, եկել էին Սիվիլիթաս հիմնադրամ՝ առգրավելու Վարդան Օսկանյանին եւ Սիվիլիթաս հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանի առգրավում կատարելու մասին որոշման մեջ, որի օրինակը տրամադրվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին, նշված է.

«Առգրավել «Սիվիլիթաս» հիմնադրամում առկա՝ ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» եւ «Պոլիմեր Մատերալս Ինք.» կորպորացիաների կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության միջոցով՝ 577 897 ԱՄՆ դոլար եւ 11 494 000 դրամ, իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով՝ 1 427 000 ԱՄՆ դոլար հիմնադրամին հատկացնելու, այդ գումարները հիմնադրամի կողմից տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու վերաբերյալ փաստաթղերը, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստերի արձանագրությունները, գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ հանձնագրերը կամ հայտարարությունները, ինչպես նաեւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են կապ ունենալ վերը նշված երկու գործարքների հետ (բացառությամբ վարչակառավարչական ծախսերը հիմնավորող հաշվապահական փաստաթղթերի)»: