Անկարայում վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռին թույլատրել են հեռանալ Թուրքիայից, սակայն դրա բեռը կալանքի տակ է վերցվել:
Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող Аirbus-ում 35 ուղեւոր է եղել: Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչները Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական քաղաքացիական «Аirbus А-320» ինքնաթիռին ստիպել էին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Հաղորդվել էր, որ օդանավին հարկադրել են վայրէջք կատարել զենքի տեղափոխման կասկածանքով։ Ըստ Անկարայում ռուսական դեսպանատան տվյալների` ինքնաթիռում եղել են Ռուսաստանի 17 քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ: Մի քանի ժամ տեւած ստուգումից հետո ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի Դամասկոս, հայտնում է BFM.RU-ն: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Դավութօղլուն նշել է, որ ստուգման ընթացքում ուղեւորների հետ սիրալիր են վարվել եւ կերակրել են:
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ էր տեղափոխում ինքնաթիռը:
Թուրքական NTV հեռուստաալիքը պնդում է, սակայն, որ «անցանկալի» բեռը կարող էր հրթիռաշինության մեջ կիրառվող դետալներ լինել: «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով թուրքական Cumhuriyet թերթին, հայտնում է, որ խոսքը հաղորդակցման սարքավորումների, ռադիոընդունիչների մասին է: «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ ինքնաթիռում հայտնաբերվել են ռադիոսարքավորումների մասեր, որոնք կիրառվում են ռազմական նպատակներով:
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ իշխանությւոնները գործել են ոչ թե լուրերի կամ օպերատիվ տեղեկատվության հիման վրա, այլ ունեցել են ապացույցներ ապօրինի բեռնափոխադրման վերաբերյալ: Ընդ որում, Դավութօղլուն պատասխանատվությունը դրել է այն երկրի վրա, որին պատկանում է ինքնաթիռը, եւ որտեղից այն մեկնել է: Ինչպես գրում է Hurryet թերթը, թուրք նախարարը կոչ է արել միջադեպի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի միջեւ կապ չփնտրել:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունն անհապաղ կապվել է ԱԳՆ-ի հետ եւ բացատրություններ է պահանջել, «Ինտերֆաքսին» ասել է գերատեսչության աղբյուրը:





























