Մոսկվայում հոկտեմբերի 10-ին 83 տարեկան հասակում վախճանվել է գրող, հեռուստահաղորդավար, կինոգետ Գլեբ Սկորոխոդովը։ Բժշկական շրջանակների աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ Սկորոխոդովը մահացել է ուռուցքաբանական հիվանդությունից:
Հեռուստադիտողներին նա ծանոթ է Առաջին ալիքի «Կորցրածի որոնումներում» («В поисках утраченного») հաղորդումից:
Գլեբ Սկորոխոդովը ծնվել է 1930 թվականին Գրոզնիում: Ավարտել է ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետը: Աշխատել է «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում: 60-ականներին եղել է ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի գրականագիտական-դրամատիկական ծրագրերի հեղինակ եւ ռեժիսոր: 2002-2005 թթ. նա ՌՏՌ-ով վարել է նաեւ «Գլեբ Սկորոխոդովի կինոպատմությունները» հաղորդումը, գրում է rbc-ն:
Նրա գրչին են պատկանում այնպիսի գրքեր, ինչպիսիք են «Զրույցներ Ֆաինա Ռանեւսկայայի հետ», «Կորցրածի որոնումներում», «Դու աստվածություն ես, դու իմ կուռքն ես», «Կլավդիա Շուլժենկոյի 3 հրապուրանքները», «Լեոնիդ Ուտյոսով. Ընկերներ եւ թշնամիներ», «Գրամոֆոնի գաղտնիքները»:





























