Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգության ծառայությունը Պետդեպին մեղադրել է այն բանում, որ դիվանագիտական առաքելության անվտանգությունն ուժեղացնելու բազմաթիվ խնդրանքներին հետեւել է մերժումը, ինչն էլ սեպտեմբերի 11-ին Բենգազիի ողբերգությանը հանգեցրեց։ Մասնավորապես, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած լսումների ընթացքում անվտանգության ծառայության ղեկավար Էրիկ Նորդսթորմը այդ հարցում մեղադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարի երկրորդ տեղակալ Շարլին Լեմբին։
«Լեմբն ինձ ասաց, որ անվտանգությունն ապահովող խմբի ներկայությունը դեսպանատան տարածքում անհնար է», - ասել է Նորդսթորմը: Նա հստակեցրել է, որ նման հարցմամբ դիմել էր ամռանը, անվտանգությունն ապահովող շարժական խմբերը գտնվում էին Լիբիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լեմբը Նորդսթորմին հակադարձել է, որ անվտանգությունն ապահովող շարժական խմբերը ցանկացած պարագայում պետք է լքեին դեսպանատան տարածքը, քանի որ առաջադրանքը փոխվել էր, եւ անվտանգության ապահովումը վստահվել էր լիբիացի աշխատակիցներին:
Նույն օրը պետքարտուղարի կառավարման հարցերով տեղակալ Պատրիկ Քենեդին հեռախոսային կոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ ոչ թե Բենգազիի պաշտպանության թուլությունը, այլ գրոհի ծավալները հանգեցրին դեսպանի մահվանը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 11-ին Բենգազիում հարձակման էր ենթարկվել ԱՄՆ-ի հյուպատոսարանի շենքը: Արդյունքում զոհվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը եւ երեք աշխատակիցներ: Հարձակման պատճառը «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմն էր: Ավելի ուշ ԱՄՆ-ի Պետդեպը հայտարարել էր, որ հարձակումը ծրագրված է եղել:




























