Հոկտեմբերի 9-11-ը Բելառուսի Հանրապետության Ազգային գեղարվեստական թանգարանում տեղի է ունենում «Հայկական համայնքների գեղարվեստական մշակույթը Ռեչ Պոսպոլիտայի տարածքում» խորագրով գիտաժողով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառման կազմակերպիչներն են Բելառուսի Հանրապետության ազգային գեղարվեստական թանգարանը եւ հայագիտական հետազոտությունների «Անիվ» կենտրոնը՝ Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Բելառուսի եւ Լեհաստանի մշակույթի նախարարությունների եւ Մինսկում Լեհական ինստիտուտի աջակցությամբ:

Գիտաժողովի գլխավոր նպատակն է հայ-բելառուսական մշակութային տեղեկատվական հիմքի ընդլայնումը եւ հայկական համայնքների մշակութային ազդեցության բացահայտումը բելառուսական մշակույթի վրա:

Բացման խոսքով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը:

Բելառուսից, Լեհաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ մի շարք այլ երկրներից ժամանած գիտնականների հետ միասին գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են հայ գիտնականներ՝ որոնց թվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, հիշյալ ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խաչատրյանը եւ Մատենադարանից Փիրուզա Մնացականյանը: Գիտաժողովին մասնակցում են նաեւ Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճարտարապետության դոկտոր հայազգի Արմեն Սարդարովը, ինչպես նաեւ Ռուսաստանի Քաղաքաշինության ու ճարտարապետության պատմության եւ տեսության գիտահետազոտական ինստիտուտի Հին աշխարհի եւ միջին դարերի ճարտարապետության բաժնի վարիչ Արմեն Ղազարյանը, որը հոկտեմբերի 10-ին կազմակերպել էր ֆոտո ցուցահանդես «Անի՝ հայոց մայրաքաղաքի օրհնյալ կերպար» խորագրով:

Գիտաժողովը, որի մասնակիցների ելույթները կամփոփվեն առանձին հավաքածուի մեջ կավարտվի հոկտեմբերի 11-ին: