Հայաստանի ֆինանսական շուկայում 2012 թ. նկատվում է դոլարայնացման աճ: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի օգոստոս ամսվա տեղեկագրի՝ դոլարայնացման 5 ցուցանիշներից 3-ի գծով դոլարայնացման աստիճանն օգոստոսին ավելի բարձր է, քան 2012 թ. սկզբին:
Դոլարայնացման ամենաբարձր մակարդակն ավանդաբար գրանցվում է ֆիզիկական անձանց ավանդների գծով, սակայն հենց ավանդների գծով էլ տեղի է ունենում դոլարայնացման նվազումը: Այդ տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց արտարժութային ժամկետային ավանդներն ընդհանուր ժամկետային ավանդների 74.7%-ն են: Տարեսկզբում այդ ցուցանիշը 75.5 % էր: Սակայն նշենք, որ 2011 թ. սկզբներին այս ցուցանիշը մոտեցել էր 80%-ի: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել դրամին՝ ձեւակերպելով թեկուզ կարճաժամկետ ժամկետային դրամային ավանդներ:
Համեմատության համար նշենք, որ ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդներում դոլարայնացման աստիճանը օգոստոսին 53.9% է, ու այս ցուցանիշը հունվարի համեմատ նույնպես նվազել է (55.3 %-ից):
Սակայն ավանդների ընդհանուր կառուցվածքում, այնուամենայնիվ, դոլարայնացման աստիճանը բարձրացել է, հավանաբար՝ իրավաբանական անձանց դոլարային ավանդների հաշվին: Ավանդների ընդհանուր ծավալի 63.6%-ը շարունակում է մնալ արտարժութային, տարեսկզբի 61.7%-ի համեմատ:
Աճում է նաեւ դոլարային վարկերի տեսակարար կշիռը: Ընդհանուր վարկային ներդրումների մեջ դոլարային վարկերի տեսակարար կշիռը 63.9% է, տարեսկզբի 61.1%-ի եւ 2011 թ. սկզբի 56.8% -ի համեմատ:





























