Պակիստանի իշխանությունները 10 մլն ռուփի (ավելի քան 100 հազար դոլար) են առաջարկել 14-ամյա ակտիվիստուհի, բլոգեր Մալալա Յուսաֆզայի վրա հարձակվողների մասին տեղեկության դիմաց:
ՆԳՆ-ի ղեկավարի խոսքով` հարձակման բոլոր մասնակիցները ճանաչվել են: Պակիստանյան լրատվամիջոցներում նաեւ տեղեկություն էր տարածվել, որ մասնակիցներից մի քանիսին ձերբակալել են: Նրանց մեջ եղել է այն դպրոցի պահակը, որտեղ սովորում է աղջիկը, հաղորդում է polit.ru-ն: Վերջին տվյալներով` աղջկա վիճակը, որին տեղափոխել էին Փեշավար եւ վիրահատել, վատթարանում է: Հնարավոր է`արտերկրում բուժվելու անհրաժեշտություն ծագի: Յուսաֆզայը գտնվում է անգիտակից վիճակում:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, թալիբները կրակել էին 14-ամյա ակտիվիստուհի Մալալա Յուսաֆզային, որը առաջադրվել էր Խաղաղության մանկական մրցանակի: Պակիստանի հյուսիս-արեւմուտքում հոկտեմբերի 9-ին անհայտ անձը կրակ էր բացել դպրոցական ավտոբուսի վրա, երբ աշակերտուհիները, այդ թվում՝ Յուսաֆզայը, բարձրանալիս էին եղել:
Բացի ակտիվիստուհուց վիրավորվել էին եւս 2 աղջիկներ: Յուսաֆզայը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Բժիշկների խոսքով` գնդակը գանգի միջով անցել եւ խրված մնացել էր պարանոցի հատվածում:
Թալիբանի գրոհայինները հաստատել էին, որ իրենք են կրակել Յուսաֆզային: «Նա իրեն արեւմտյան աղջկա նման է պահում», - հայտարարել էր թալիբների ներկայացուցիչ Էհսանուլա Էհսանը:
Մալալա Յուսաֆզայը կանանց կրթություն ստանալու պայքարում ցուցաբերած խիզախության համար արժանացել է մի շարք մրցանակների եւ պարգեւների։ Նա հայտնի էր դարձել 11 տարեկանում, երբ BBC-ի եւ «New York Times»-ի համար հոդվածներ էր գրել թալիբների հանցագործությունների մասին: Այդ հոդվածները մեծ իրարանցում էին առաջացրել: Այս տարի նրան առաջադրել էին Խաղաղության միջազգային մանկական մրցանակի:




























